Thursday, May 22, 2014

Կապ մշակութային և գիտության օջախների հետ

Իրականացվեց ուսումնադաստիարկչական, հայեցի դաստիարակության  և ճանաչողական <<Կապ մշակութային և գիտության օջախների հետ>>   ծրագրի հերթական փուլը: Այս անգամ ուղղությունը Հայաստանի  միջնադարյան հոյակերտ  հուշարձաններից մեկն էր` Նորավանքը,որն առանձնանում է նաև իր բնական գեղատեսիլ միջավայրով և Ջերմուկքաղաքի տեսարժան վայրերը: Ուղևորությունն  սկսվեց առավոտյան ժամը 7-ին: Ողջ ճանապարհը երգով ու պարով անցնելով` չնկատեցինք, թե ինչպես հասանք Նորավանք տանող խաչմերուկը:  Նորավանք  տանող ճանապարհը շրջապատված է բարձրահասակ և կարմիր ժայռերով : Այդ ճանապարհն  անցնելով մեր առջև բացվեց ժայռերի միջից վեր խոյացող Նորավանքի եկեղեցական համալիրը` իր ողջ գեղեցկությամբ: Շրջելով հիանում էինք  իրենց գեղարվեստական և ոճական կատարմամբ անկրկնելի խաչքարերով,  Ս. Աստվածածին եկեղեցով, որը հետաքրքիր է պատի մեջ ագուցված աստիճաններով, որոնք տանում են երկրորդ հարկի խաչաձև աղոթարանը, Սուրբ Ստեփանոս  Նախավկա եկեղեցով, իսկ  Սուրբ  Գրիգոր եկեղեցում ականատես եղանք հրաշքի: Լսել էինք այդ եկեղեցում առկա հրաշքի՝ աստծո պատկերի հայտնության մասին և  մտնելով եկեղեցի ՝մի քանի ակնթարթ փնտրելուց հետո առաստաղին տեսանք Հիսուս Քրիստոսի աստվածային պատկերը: Եվս մեկ անգամ համոզվեցինք, որ հրաշագործ է միայն Աստված:
 Նորավանքից վերադառնալով ուղևորվեցինք դեպի Ջերմուկ, որը ծվարել է անտառոտ լեռների գրկում: Տեսանք բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ, տեսարժան կառույցներ: Ջերմուկի գողտրիկ անկյուններից էր ջրվեժը: Լինել Ջերմուկում և չտեսնել Ջերմուկի մեծ  ջրվեժը, նշանակում է` չլինել Ջերմուկում: Ջրվեժը գտնվում էր ձորում և այնտեղ  տանող ճանապարհը անցնում էր <<քարերի սիմֆոնիա>> բնական ժայռաքանդակների միջով: Շուրջ 70 մետր բարձրությունից  Արփայի կիրճը գահավիժող շինության այս հրաշքը, որ թափված վարսեր է հիշեցնումժողովուրդն անվանել է <<Ջրահարսի  վարսեր>>: Ուղղակի չհիանալ և չթափանցել այդ վարսերի մեջ  անհնար էր:
 Քանի որ արդեն ուշ էր, ստիպված բռնեցինք վերադարձի ճամփան, իսկ ամբողջ ճանապարհին խոսում էինք Նորավանքի հրաշքից ու Ջերմուկի գեղատեսիլ վայրերից:















No comments:

Post a Comment