Sunday, November 30, 2014

Կապ մշակութային և գիտության օջախների հետ



Համո Սահյանի  100 ամյակին  նվիրված  միջոցառումները  Սյունիքի  միջնակարգ  դպրոցում  ավարտվեցին  հոկտեմբերի  31-ին։ Առավոտյան  դպրոցի  միջանցքներում  եռուզեռ  էր։ Իրար  էին  խառնվել  սովորողները, ուսուցիչները, ծնողները։ Համո Սահյանի  100 ամյակին  նվիրված  միջոցառումներին  ակտիվ  մասնակցություն  ցուցաբերած 13  պարման- պարմանուհիները ուխտագնացության  մեկնեցին  բնության  ամենանուրբ  և  հավատարիմ  բանաստեղծի  ծննդավայրը։ Նրա  պոեզիան  էր, որ  հայրենիքի  համար  դժվար  պահերին  պահեց  ու  պահպանեց  հայկական  գյուղերը։ << Ախր, ես  ինչպես  վեր  կենամ  գնամ >> բանաստեղծությունը ստիպեց  մարդկանց  արարել, գուրգուրել  ու  տաքացնել  յուրաքանչյուր  քար ու  քարափ։ Նրա  տաղանդի  ուժն  էր, որ հերոսության  ոգեկոչումներ տվեց․․․
  Ճանապարհին ամենուրեք աշնանային  արբշիո  գույներ  էին,  և  ես մտքումս արտասանում  էի <<Օրոր  է  ասում  աշունն անտառին, բայց դեռ  անտառի  քունը  չէր  տանում>>։ Հասկացա, որ Համո Սահյանը ոչ միայն  բանաստեղծ  է, այլ նաև  նկարիչ, քանզի  միայն  նկարիչն  է գույների  վարպետը։
   Դարբաս  գյուղ  հասնելուն պես  մեր  ուշադրությունը  գրավեց  ճարտարապետական  գեղեցիկ   լուծումներով  նորակառույց  եկեղեցին։ Մենք պահանջեցինք վարորդից  կանգնել։ Իջանք միկրոավտոբուսից  և  բարձրացանք  եկեղեցու  բարենորոգված  բակը։ Բակում  նորատունկ  սոճիներ  էին ու  բազմերանգ  բացված  վարդեր, որոնց  բուրմունքը  լցրել  էր  օդը։ Երևում  էր, որ  մի  հոգատար  ձեռք  խնամում  էր  եկեղեցու  բակը։ Եկեղեցու  ներսում  մեզ ջերմ  դիմավորեց  քահանան։ Իմանալով, որ  Կապանից  ենք, պատմեց  եկեղեցու  կառուցման  պատմությունը։ Մեզ հիացրեց  նաև  եկեղեցու  ներսի  պատկերազարդ  պատերը։ Մոմ  վառեցինք  և  շարունակեցինք  մեր  Ճանապարհը։
   Երբ  հասանք  Լոր  գյուղ, մեզ ասացին, որ թանգարանի  աշխատակիցը  հարգելի  պատճառով  մայրաքաղաք է գնացել։ Գյուղացիներից  մեկը  բացեց  թանգարանի  դռները , հեռաձայնեց  թանգարանի  աշխատակցուհուն, որը  մեզ անաղարտ  մայրենիով  ներկայացրեց  թանգարանի  ամեն  մի  իրը, նկարը։ Հուշամատյանում  գրառում  կատարեցինք  և  դուրս  եկանք թանգարանից։ Գյուղացիները,  որոնք  մեզ  շրջապատել  ու հարցուփորձ  էին  անում, խորհուրդ  տվեցին բարձրանալ գյուղի  վերևում  գտնվող 1686 թ․-ին կառուցված  եկեղեցին։ Եվ ի զարմանս  մեզ, եկեղեցին  կանգուն  էր, միայն  շրջակայքում  բարեկարգման  աշխատանքներ  էին  կատարվում։ Երեխաները  տերունական  աղոթքը հնչեցրեցին, խմեցին  սուրբ  ջրից  և  բռնեցինք  վերադարձի  ճամփան, խորհելով  մեր  տեսածի, զգացածի և լսածի  մասին։
  Հուսով  ենք, որ  հաջորդ  այցին  թանգարանի  վերանորոգումն  արդեն  ավարտած  կլինեն։





No comments:

Post a Comment