Wednesday, May 13, 2015

Ուղևորություն Հաղթական Արցախ



      Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակին նվիրված ոգեկոչման միջոցառմանը  հյուրընկալվել էր դպրոցի՝ մի շարք իրականացրած ծրագրերի հովանավոր ԴՓՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը: Միջոցառման ավարտին իր հերթական նվերը մատուցեց պարոն Ջաբրայանը: Նա աշակերտներին խոստացավ եռօրյա ուղևորություն դեպի Արցախ: Եվ նրա հովանավորությամբ իրականացվեց <<Ուղևորություն  Հաղթական Արցախ>> ծրագիրը:
     Մայիսի 8-ի առավոտյան բարձր տրամադրությամբ ճանապարհ ընկանք: Տեղ հասնելով (Ստեփանակերտ՝ Նայիրի հյուրանոց)՝ քիչ հանգստանալուց հետո ուղևորվեցինք դեպի Գանձասարի վանական համալիր: Այնտեղ մեզ դիմավորեց Գանձասարի զվարթ պապին՝ իր զարդարված ձիով:  Եկեղեցում մոմ վառեցինք, աղոթեցինք ու շարունակեցինք ճանապարհը դեպի <<Ծովին Քար>>: Ի¯նչ հրաշք… բնության ու մարդու ձեռքի կերտվածքների միախառնումով լեռան վրա բազմել էր մի հպարտ  առյուծ՝ կարծես պահապան այդ ողջ տարածքի: Հիացանք այդ ինքնատիպ ժայռակերտ առյուծով, բազմաթիվ ուշագրավ հուշակոթողներով ու քանդակներով: Զգացինք վայրի բնության ուժը, լեռնային բարձունքների հզորությունն ու Խաչեն գետի  քչքչոցը:
     Այս բոլորը վայելելուց հետո ուղևորվեցինք հյուրանոց: Իսկ այնտեղ  երեկոյան սպասվում էին անակնկալներ… Հաջորդ օրը մեր ուսուցչուհու՝ Հասմիկ Մնացականյանի ծնունդն էր, և երեկոյան անակնկալ մատուցեցինք: Ժամը 00:00-ին հյուրասրահում դիմավորեցինք մեր ուսուցչուհու ծննդյան օրը: Դե իսկ անակնկալները շարունակվեցին նաև հաջորդ օրը: Առավոտյան հյուրանոցից դուրս գալուց ուսուցչուհին անակնկալի եկավ: Մենք՝ աշակերտներս, նրան դիմավորեցինք պարով…
   Այնուհետև ուղղություն վերցրինք դեպի Հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու մեր նահատակներին:
  Իր յուրօրինակ կերտվածքով առնձնանում է նաև աշխարհահռչակ <<Մենք ենք, մեր սարերը>> արձանը, որը շատերին հայտնի է որպես <<Պապիկ-տատիկ>>: Այն խորհրդանշում է արցախյան հողի և ժողովրդի արմատների միջև արյունակցական կապը։ Հուշարձանն ավանդական տարազով տարեց ղարաբաղցի ամուսիններ են` ուս-ուսի, հպարտ ու անհողդողդ կեցվածքով ու սևեռուն հայացքով։ Կարծես լեռնաբլուրը ճեղքվել է, և նրանք այդ ճեղքից բարձրացել  կանգնել են` ոտքերը ամուր դրած հայերի հողի մեջ։ Կանգնելով այդ հուշարձանի առջև, իրոք,  հաստատուն ու ամուր թվաց այդ հողը հայրենիքի: Եվ հպարտությամբ կանգնելով բլրի վրա՝ այդ հուշարձանի առջև, ուզում ես գոռալ, որ դա մեր պապական հողերն են ու մերն էլ կմնան…
  Մայիսի 10-ի առավոտյան ուղևորվեցինք դեպի հինավուրց հայկական բերդաքաղաք Շուշի, որը դարձել է սրբավայր: Շուշին  այն քաղաքն է, որի հետ կապված է հայ ժողովրդի նորագույն պատմության ամենապանծալի էջերից մեկը՝ հայ ժողովրդի հաղթանակը: Շուշի բառի առաջին և հիմնական իմաստը դարձել է մեկ բառ՝ Հաղթանակ: Ճանապարհին տեսնելով բարձունքի վրա կանգած Տանկը, որը կանգնեցված է որպես Շուշիի ազատագրման հուշարձան, լցվեցինք հպարտությամբ  և էլ ավելի հաղթական ոգով: Դա այն հպարտությունն է, որ ունեցել ենք այնպիսի հերոսներ, որոնք անվախ քայլեցին դեպի իրենց մահը, հերոսներ, որոնք նախընտրեցին մահը, քան կորցրած հայրենի հողը: Փառք ու պատիվ մեր հերոսներին…
  Շարունակեցինք ճանապարհը դեպի Շուշի: Թանձր մառախուղ էր իջել, և շուրջ բոլորը սպիտակ ամպի մեջ էր սուզվել: Օդը սառն էր և մաքուր:  Եվ այդ սպիտակ  ամպերի միջով քայլում էինք դեպի սուրբ Ամենափրկիչ եկեղեցին: Ի¯նչ հրաշք… Թանձր մառախուղի միջից միանգամից վեր հառնեց մի ամրոց, կարծես հեքիաթում լինեինք… Մտանք եկեղեցի. պատարագն սկսված էր… Մասնակցեցինք պատարագին, ստացանք Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օրհնությունը և թեթևացած ճանապարհ ընկանք դեպի Կապան:























No comments:

Post a Comment